Երևան
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ: Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը:
Երևանի վարչական սահմանները սահմանված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով:
Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը: Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում: Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում:
Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։
Երևանի տարածքը կազմում է 223 քառ.կմ, բնակչությունը՝ 1075.1 հազ. մարդ։
Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիսարևելյան մասում, Հրազդան գետի երկու ափերին՝ ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա։
Քաղաքի կլիման խիստ ցամաքային է՝ շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ։
Երևանը վարչական սահմանով հարում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին։
Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն։
Ժամային գոտի՝ UTC+4
Հեռախոսային կոդ՝ +374 (10), +374 (60) +374 (11)
Փոստային ինդեքսներ՝ 0001-0099
Երևանն արդեն 2799 տարեկան է:
Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջանում է Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից.
«Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի` Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Մեր մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել Երևան:
Country | Armenia |
---|---|
Languages spoken | Armenian |
Currency used | AMD |